Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. Չինարիի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Արման Մուրադյանին մերժել են պայմանական վաղակետ ազատ արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մուրադյանի փաստաբան Աշոտ Ավետիսյանը:
Նշենք, որ Արման Մուրադյանը դասակի հրամանատար էր: Նա երկու անչափահաս երեխաների հայր է, ծնողները հաշմանդամ են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով վիճակում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող Վանիչկա Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել էին նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է, սակայն գողության մեջ իրեն են մեղադրում։
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։



























