ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր, տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Պրոֆեսոր Սարիբեկյանը Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության  մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը, ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան եւ դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու եւ համապատասխան վկայագիր տալու համար:

ԲՈՀ-ը, ելնելով փորձաքննության արդյունքից, աշխատանքն ուղարկել է կրկնական քննարկման: Այնուհետեւ Ամալյա Սարիբեկյանը 2-րդ  անգամ տնտեսագիտության  մասնագիտական խորհրդում պաշտպանում է նույն թեմայով իր  ատենախոսությունը, եւ Մասնագիտական խորհուրդը նրան կրկին շնորհում է գիտական աստիճան եւ, ըստ ընթացակարգի, աշխատանքն ուղարկում ԲՈՀ: Սակայն ԲՈՀ-ն, այս անգամ եւս  հիմք ընդունելով փորձագիտական   եզրակացությունը, ընդհանրապես բեկանում է մասնագիտական խորհրդի որոշումը:

Օմբուդսմենի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ԲՈՀ-ն ատենախոսության կրկնական քննարկման եւ բեկանման որոշումները կայացնելիս հիմնվել է փորձաքննության արդյունքների վրա այն դեպքում, երբ  չունի որեւէ սահմանված կարգ գիտական աստիճանների շնորհման գործընթացում: Այսինքն, փորձաքննության ուղարկելու գործընթացում չկան իրավական հիմնավորումներ. մասնավորապես՝ քանի անգամ նույն աշխատանքը կարելի է տալ փորձագետի փորձաքննությանը, քանի անգամ կարելի է փոփոխել ատենախոսության վերաբերյալ դիտողությունների կազմը եւ բովանդակությունը, որ դեպքերում եւ ինչ պայմաններում կարելի է նախատեսել կրկնակի եւ ավել փորձաքննություն, ինչպես եւ ինչ սկզբունքով պետք է անցկացվեն կրկնակի եւ ավել փորձաքննությունները, ինչպես նաեւ հստակեցված չեն բեկանման ընթացակարգերը:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ գործընթացների կանոնակարգված չլինելու, իրավական որոշակիության բացակայության եւ ԲՈՀ-ի նախագահի կամայականության պայմաններում է ԲՈՀ-ը մերժել Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի տրամադրումը` Օմբուդսմենը  կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

Օմբուդսմենը Կրթության եւ գիտության նախարարությանն առաջարկել է կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձին եւ կանոնակարգել ոլորտում առկա բացթողումները,  որպեսզի այսուհետ բացառվեն ԲՈՀ-ի հայեցողական որոշումները, քանի որ նման որոշումների ընդունումն իր մեջ ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր ու դրսեւորումներ:

Ի դեպ, ոլորտում առկա մտահոգիչ բացթողումներն ընդունվել են Կրթության եւ գիտության նախարարության կողմից, սակայն, ցավոք, մինչ օրս դրանք շտկված չեն»: