Իտալիան Հայաստանի համար կարեւոր է որպես ԵՄ առաջատար երկիր, որի հետ համընդգրկուն համագործակցության զարգացումը շարունակում է ծանրակշիռ տեղ զբաղեցնել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Այս մասին սեպտեմբերի 28-ին, Նյու Յորքում, Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը եւ Մատեո Ռենցին քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի եւ Իտալիայի միջպետական կապերը մշտապես զարգացել են փոխըմբռնման ոգով, սակայն, նրանց կարծիքով, երկու երկրների ներուժը թույլ է տալիս առավել սերտացնել երկկողմ հարաբերությունները: ՀՀ նախագահը եւ Իտալիայի վարչապետը կարեւորել են երկու երկրների միջեւ կայուն քաղաքական երկխոսության ակտիվացումը, որին, զրուցակիցների համոզմամբ, կարող են զգալիորեն նպաստել հաճախակի փոխայցերը: Այդ համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. ապրիլին Իտալիա կատարած իր պաշտոնական այցը եւ դրա ընթացքում Նախագահ Սերջո Մատարելայի հետ ունեցած բովանդակալից ու հետաքրքիր հանդիպումը:
Հանրապետության նախագահն ընդգծել է, թե համատեղ ջանքերով երկու երկրները կարող են որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական միջպետական հարաբերությունները, ինչպես նաեւ` համագործակցությունը Եվրոպական Միության շրջանակներում:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իտալիան կշարունակի աջակցել ՀՀ-ԵՄ ընթացիկ օրակարգի իրականացմանը:
Հանրապետության նախագահը կարեւորել է 2012թ-ից հայ-իտալական երկկողմ հարաբերությունների օրակարգում իր ուրույն տեղն զբաղեցնող ռազմական փոխգործակցությունը` ընդգծելով, որ ռազմական ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձեւաչափով․ անցյալ նոյեմբերից 32 հայ խաղաղապահ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում, ինչը, ըստ նախագահի, հիրավի, կարելի է համարել հայ-իտալական համագործակցության հաջողված օրինակ։
ՀՀ Նախագահը եւ Իտալիայի վարչապետը հանդիպմանը երկուստեք կարեւորել են նաեւ խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Նշելով, որ հայ-իտալական օրակարգի կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն առեւտրատնտեսական հարաբերություններն են` զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին 4 տարվա ընթացքում, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն զգալիորեն մեծացել է: Ավելին՝ նախորդ տարվա ցուցանիշով, Իտալիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի 2-րդ առեւտրային գործընկերն է (Գերմանիայից հետո): Սա, կողմերի համոզմամբ, վկայում է, որ ավելի լավ արդյունքների հասնելու լուրջ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ ջանքեր ներդնել:
ՀՀ նախագահը եւ Իտալիայի վարչապետն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առկա խնդիրներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ որպես բարեկամ երկիր՝ Հայաստանի համար կարեւոր է Իտալիայի շարունակական հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում։






























