Արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվողները վախի մթնոլորտ են ստեղծել իրենց թաղամասում՝ Երեւանի Նոր-Նորքի 7-րդ զանգվածում: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացած ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը՝ նշելով, որ մեղադրվողներից Վիկտոր Հովսեփյանը պապի՝ Բաբկեն Սարգսյանի հետ օրեր առաջ «նալոգ է վերցրել» իրենց շենքի բակում գյուղատնտեսական ապրանք վաճառող գյուղացուց:
«Էդ մարդկանց ապրուստի միջոցն է, ավտոմեքենայով բերել են, սմբուկ ու ձմերուկ են վաճառել շենքի բակում: Վիկտորն ու պապը իջել են, ասել են՝ սա մեր տարածքն է, ստեղ նայողը մենք ենք, դուք պարտավոր եք մեզ նալոգ տալու: Ասել են, հետո էլ մեծ քանակությամբ սմբուկ ու ջմերուկ վերցրել, գնացել են, ասել են՝ կարաս արխային գաս, կագնես»,- ասաց Մարիետա Թումանյանը՝ նշելով, որ Վիկտոր Հովսեփյանը հայտարարում է, թե ինքը «7-րդ մասիվի զոն նայողն է»:
Մարիետա Թումանյանը պատմեց, որ բնակիչներից մեկն իրեն բողոքել է, որ «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը, որը Վիկտորի մորեղբայրն է եւ նույնպես մեղադրվում է ազատամարտիկի սպանության մեջ, իր 15-ամյա որդուն փորձում է ներքաշել իր շրջապատ, իսկ ինքը ոչինչ չի կարողանում անել նրանց ստեղծած վախի մթնոլորտի պատճառով:
Նշենք, որ Վիկտոր Հովսեփյանը, Գեւորգ Սարգսյանը եւ մյուս մեղադրյալ Սարգիս Ղուկասյանը այժմ ազատության մեջ են: Նրանք մեղադրվում են ՔՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ):
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։




























