ԱՄՆ-ը դադարեցրել է այսպես կոչված սիրիական «չափավոր» ընդդիմության մարտիկներին Հորդանանի եւ Թուրքիայի ճամբարներ ուղարկելը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը:

«Ծրագրի վերանայման ընթացքում մենք փաստացի դադարեցրել ենք Սիրիայից նորակոչիկներ ուղարկելու գործընթացը»,-նշել է նա՝ հավելելով, որ ինքը՝ մարտիկների ուսուցման ծրագիրը դեռեւս գործում է:

Wall Street Journal-ի փոխանցմամբ, Պենտագոնը քննարկում է այդ ծրագրի մասշտաբները զգալիորեն կրճատելու տարբերակները, որի վրա արդեն ծախսվել է 500 մլն դոլար:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ սիրիական «չափավոր» ընդդիմության կազմավորումների նախապատրաստության ծրագիրը բախվում է դժվարությունների, եւ դրան մասնակցում է ընթամենը 60 մարդ: Նա նշել է, որ դա պայմանավորված է թեկնածուների «մանրամասն ստուգմամբ եւ ընտրության գործընթացով»:

Քարթերը հաստատել է, որ Թուրքիայում եւ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայաններում մնացել են 100-ից էլ քիչ սիրիացի ընդդիմադիրներ: Մնացածը հրաժարվել են դասընթացներից եւ վերադարձել իրենց ջոկատները՝ շարունակելու պայքարը կամ ԻՊ-ի դեմ, կամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի: