Փարիզում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա «TopResa' 2015» զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի նաեւ Հայաստանը:
Այն աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից է, որին ներկայացված են 160 երկրների ավելի քան 1200 կազմակերպություններ եւ շուրջ 30 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնագետներ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի փոխանցմամբ, ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը, մեր երկրի զբոսաշրջային ներուժը, գրավչությունները եւ զբոսաշրջային արդյունքը, ինչպես նաեւ բազմատեսակ գովազդային նյութեր:
«Խոշորագույն այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի խթանելու Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ եւ գրավիչ երկրի միջազգային հեղինակությունը, բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը, նպաստելու հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը եւ ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: Հաշվի առելով այն հանգամանքը, որ միջազգային այս ցուցահանդեսին այցելուների շարքում են տուրօպերատորներ, սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական ընկերությունների համար մեծ հնարավորություն կա նոր գործընկերներ ձեռք բերելու եւ շահավետ գործարքներ կնքելու համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:




























