ՌԴ Դաշնության խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Ռուսաստանի զինված ուժերի՝ արտերկրում օգտագործելու որոշմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին:

Իվանովի խոսքով, Պուտինը դիմել է Դաշնության խորհրդին՝ մասնավորապես, Սիրիայի հարցով: Իվանովն ընդգծել է, որ տվյալ դեպքում խոսքն ազգային շահերի մասին է:

Ավելի վաղ համապատասխան թույլտվության համար Դաշնության խորհրդին էր դիմել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է, որ Սիրիային ռազմական օգնություն տրամադրելու հարցով Պուտինին է դիմել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նա նշել է, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի  գործողությունների մասին է, ռուս զինծառայողների ցամաքային գործողությունները բացառվում են: