Անցյալ գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Նրա խոսքով՝ հակառակորդը մոտ 100 ական է գործածել Ղարաբաղի ուղղությամբ եւ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ։ Քիչ թե շատ հանգիստ է Նախիջեւանի կողմում։ «Կորուստներ չկան։ Ըստ առկա տեղեկությունների՝ հակառակորդն ունի կորուստներ։ Տեղեկությունը հստակեցվում է, երեկոյան ամեն բան պարզ կլինի»,- նշեց Խաչատուրովը՝ հավելելով, որ հայկական կողմի գոծողություններն իրականացվել են բացառապես ռազմական թիրախների վրա։

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կան 16 վիրավոր: