«Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունները կնշվեն հոկտեմբերի 10-ին եւ 11-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ տոնական միջոցառումների ամբողջական ծրագիրը գրեթե պատրաստ է։

«Փոփոխություններ են եղել ծրագրում։ Այսպիսով, հոկտեմբերի 10-ին կլինի սեպագրերի բացօթյա ցուցադրության բացում Խաչքարերի պուրակում։ Նույն օրը Երեւանի քաղաքապետարանում լինելու է «Երախտագիտություն» ցուցադրության բացումը։ Հոկտեմբերի 11-ին լինելու է «Ավելի լավ Երեւան» էքսպո ծրագիրը, «Խոսող խաղալիք» մանկական միջոցառումը։ Առաջին անգամ է կայանալու նաեւ կվադրոցիկլի, լեռնային հեծանվասպորտի ցուցադրական ելույթները, փողային նվագախմբերի տոնական քայլերթը»,- ասաց Երեւանի փոխքաղաքապետը՝ նշելով, որ տոնակատարությունների մի շարք միջոցառումներ ավանդական են։

Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում լինելու է գալա համերգ։ Սուքիասյանի խոսքով՝ համերգին արտերկրից երգիչ-երգչուհիներ հրավիրված չեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախաձեռնություն էր ստեղծվել, որը պահանջում էր տոնակատարությունների բյուջեն տրամադրել սահմանամերձ գյուղերին։ Սակայն քաղաքապետարանը հրաժարվել էր չեղյալ հայտարարել միջոցառումները։