Հայաստանի հարկային ծառայությունը ավելի լայն լիազորություններ կստանա ՝ քաղաքացիներից սոցիալական վճարները գանձելու հարցում: Օրենսդրական համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում:

Մասնավորապես Հարկային ծառայության համար մշակված են վճարները չմուծելու դեպքում պրիստավի միջոցով հարկադիր գանձումներ անելու, ինչպես նաեւ քաղաքացու հաշվեհամարները կալանքի տակ դնելու մեխանիզմներ: Փոփոխությունների նպատակն է ապահովել անխափան վճարումներ ՝ մասնավոր կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության համար:

Հիշեցնենք, որ մասնավոր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու շրջանակում ՀՀ քաղաքացիների համար ներդրվել է նոր պարտադիր սոցիալական վճար: Դա առաջացրել էր բնակչության դժգոհությունը: Պետական ոլորտում համակարգն արդեն գործում է 2014 թ. հուլիսի 1-ից, իսկ մասնավոր ոլորտում այն պարտադիր կդառնա 2017թ հուլիսի 1-ից: