Արարատի մարզի Հայանիստ գյուղի դաշտերից մեկում սեպտեմբերի 30–ին հայտնաբերվել է ծառից կախված 36-ամյա Հայկ Հ.-ի մարմինը։
NEWS.am-ի հետ զրույցում Հայանիստ գյուղի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը նշեց, որ մահացածը իրենց գյուղի բնակիչ չէ, ինքը դեպքի վայր է գնացել եւ պարզել, որ տղամարդը հարեւան Դարբնիկ գյուղից է: Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանը, սակայն, տեղեկացրեց, որ տղամարդն իրենց գյուղի բնակիչ չէ, ապրում է Արցախում, իրենց գյուղ հյուր էր եկել։
«Ինքը մեր գյուղի բնակիչ չէր, գնացել, եկել է, բայց չի բնակվել, ծանոթների տուն է եկած եղել, Ղարաբաղում է ապրում: Ոչ մեկ իրեն չեն ճանաչում, չեմ կարող ասել՝ ինչն է ինքնասպանության պատճառ դարձել»,-ասաց գյուղապետը:
Դավիթ Գզիրյանի խոսքով՝ ըստ իր ունեցած տեղեկությունների, Հայկ Հ.-ն ամուսնացած էր, ուներ 3 երեխա: Ընտանիքը բնակվում է Արցախում:




























