Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում խելքը գլուխը կհավաքի։ Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂՀ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի ագրեսիվ եւ սադրիչ գործողությունները։
«Ադրբեջանն անցել է բոլոր սահմանները, եւ խոսքը ոչ միան հրադադարի ռեժիմի խախտման մասին է, այլ նաեւ այն հանդուգն անտարբերության, որը պաշտոնական Բաքուն թույլ է տալիս միջազգային իրավունքների եւ իր պարտավորությունների հարցում։ Վերջին հաշվով, մենք հրադադարի մասին համաձայնագիր ունենք։ Իսկ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային իրավունքը եւ իրեն ահաբեկչի պես է պահում։ Ադրբեջանը գործում է այնպես, ինչպես ահաբեկչական կազմակերպությունները, նույն ձեռագրով՝ սպանել մարդկանց, ոչնչացնել հուշարձանները»,- ընդգծեց Քոչարյանը։
Փոխնախարարը նաեւ կարծիք հայտնեց, որ իր վարքով Ադրբեջանը արագացնում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը։





























