Երեւանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերության սպասարկման տիրույթում հոկտեմբերի 1-ից ներառվել է նաեւ Նոր Նորք վարչական շրջանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախօրեին երեկոյան վարչական շրջանի առաջինից իններորդ զանգվածներում առկա հին աղբամանները փոխարինվել են շուրջ 650 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ ավելի տարողունակ են:

Աղբամանները տեղ են գտել ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Նոր Նորքում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով:

Մասնագիտացված մեքենասարքավորումներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաեւ սանմաքրում:

Մինչեւ տարեվերջ «Սանիթեք»-ը կսկսի սանմաքրման եւ աղբահանության ծառայություններ մատուցել նաեւ Ավան, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում: