Հայաստանում 2014թ. գրանցվել է ընտանեկան բռնության 535 դեպք, իսկ 2015թ.՝ 517 դեպք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, լրագրողներին ասաց Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։
«Ոստիկանությունը ընտանեկան դեպքերով մի փոքր այլ աշխատանք է տանում, նույնիսկ ոստիկանական բաժանմունքներում կան առանձնացված սենյակներ, որտեղ առանձին աշխատում են բռնության ենթարկված անձանց հետ, քանի որ սա նուրբ թեմա է»,-ասաց նա:
«Կանանց իրավունքների կենտրոնի» ղեկավար Սուսաննա Վարդանյանն էլ նշեց, որ Հայաստանում կանայք սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց իրավունքներով եւ ավելի հաճախ են ահազանգում բռնության դեպքերով։ Բռնության ենթարկվելու դեպքերով ահազանգերը թեժ գիծ ավելացել են, ինչը ոչ թե դեպքերի ավելացման մասին է խոսում, այլ կանանց իրավագիտակցության բարձրացման:
Սուսաննա Վարդանյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որի 2010-2015թթ 30 կին է սպանվել ընտանեկան բռնության հետեւանքով եւ մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի:
«Կանանց իրավունքների կենտրոնի» ղեկավարի կարծիքով՝ ներկայացրած թվերն ավելի քիչ կլինեին, եթե գործեր ընտանեկան բռնության դեմ օրենք:
Նշենք, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը Հայաստանում հռչակվել է 2010թ.՝ ի հիշատակ ընտանեկան բռնության հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումն ու ընտանիքների առողջացումը:




























