Հայաստանի գլխավոր դատախազությունը մեկնաբանել է, թե ինչու է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ազատ արձակվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: 

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են. «Նկատի ունենալով, որ մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կարող է վերացվել միայն դատախազի կողմից, ուստի, քննիչը միջնորդել է՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու հարցը քննարկելու համար:

Գործով հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործում առկա փաստական տվյալները, բավարարել է քննիչի միջնորդությունը եւ որոշում է կայացրել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը  վերացնել՝  դրա անհրաժեշտությունը վերանալու պատճառով»:

Նշենք, որ մարզպետի որդին կալանքի տակ էր հուլիսի 27-ից: Հոկտեմբերի 1-ին, սակայն, դատախազությունը վերացրել է Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք ստացած Հարություն Զաքարյանի հայրը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, քանի որ փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հարությունին հարվածել է Յուրա Մանուչարյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Դեպքից մեկ ամիս անց տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: