Արդարադատության նախարարն ու ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավարն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, քննարկել են երեխաների առեւանգմանն ու որդեգրմանը վերաբերող օրենսդրությունում եւ ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու հարցը:

Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել նախարարության եւ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջեւ առկա համագործակցության մակարդակն ու համատեղ իրականացված ծրագրերի կարեւորությունը: Նախարարն այդ համատեքստում ընդգծել է 2015թ-ին երկու կառույցների միջեւ ստորագրված համաձայնագիրը, որի շրջանակում Արդարադատության նախարարությունն իրականացնում է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը: «Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունն այս բնագավառում համակարգման գործառույթ իրականացնելու պատասխանատվություն պետք է ստանձնի»,- ասել է արդարադատության նախարարն՝ այդ հարցում ակնկալելով UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչան երեխաների համար արդարադատության մատչելիության ոլորտում նախարարության կողմից համակարգողի գործառույթ իրականացնելու հարցում հայտնել է իր համաձայնությունն ու աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երեխաների առեւանգմանն ու  որդեգրմանը վերաբերող օրենսդրությունում եւ ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու, ինչպես նաեւ օրենքի հետ առնչված երեխաների համար կրթական ու մշակութային համատեղ ծրագրեր իրականացնելու, նրանց վերականգնողական այլ նախաձեռնություններում ներգրավելու հարցերում համագործակցության հնարավորությունները: