ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մերժեց իրեն սեռական հարաբերությունների առաջարկ արած գյումրեցի Կարեն Մկրտչյանին սպանելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, ազգությամբ ռուս 43-ամյա Կարինե Սոբչենկոյի վերաքննիչ բողոքը եւ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ:

Մեղադրյալն օգտվեց վերջին խոսքի իր իրավունքից եւ Վերաքննիչում նույնպես պնդեց, որ ինքն ընդամենը ինքնապաշտպանության նպատակով է դանակով հարվածել Կարենին, քանի որ վերջինս ցանկացել է բռնաբարել իրեն:

Նշենք, որ պաշտպանական կողմը Վերաքննիչ բողոքով պահանջում էր կամ անմեղ ճանաչել Կարինե Սոբչենկոյին, կամ վերաորակել արարքը՝ նշանակելով համապատասխանաբար մեղմ պատիժ:

Հիշեցնենք, որ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք էր  առաջադրվել` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող` իր կողմից վարձակալված սենյակներից մեկում, վրդովված լինելով մեկ այլ վարձակալ Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: