Հայաստանում քայլեր են ձեռնարկվում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությանը այդ գործընթացի մեր ներգրավելու  ուղղությամբ։ Այս մասին հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Անդրադառնալով այն հարցին, թե Գերմանիան կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկիր է եւ Հայաստանն էլ  փորձում է գնալ այդ ուղղությամբ եւ արդյո՞ք  երկրի զարգացումը կապված է կառավարման համակարգի հետ, դեսպանը նշել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ու պետություն ինքը պիտի ընտրի, թե կառավարման ինչ համակարգ է ուզում ունենալ։

«Նույնիսկ Եվրամիության ներսում տարբեր երկրներ կառավարման տարբեր համակարգեր ունեն։ Ֆրանսիացիները որոշել են, որ իրենք կառավարման նախագահական համակարգ պիտի ունենան եւ գոհ են այդ համակարգից։ Գերմանիան որոշել է ուժեղ խորհրդարանական կառավարում ունենալ՝ հաշվի առնելով իր պատմական փորձը։ Հետեւաբար կառավարման իդեալական համակարգ գոյություն չունի,-նշել է Քիսլերը։ Բայց ինչ որոշում էլ ընդունվի,-ավելացրել է դիվանագետը,- կարեւոր է, որ հասարակության ներսում լայն համաձայնություն ձեռք բերվի։ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական հանձնաժողովի ղեկավարը վստահեցրել է, որ իրենք ճիշտ ուղով են ընթանում, իսկ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ընդդիմությանը բավականին լայն հնարավորություններ է տալիս։

Մի քիչ մոռացության է մատնվել նույնիսկ այն փաստը,որ դա սահմանադրական բարեփոխումների այնպիսի նախագիծ է, որում ներառված են մարդու բոլոր հիմնարար իրավունքները»,- իր խոսքն ամփոփել է Գերմանիայի դեսպանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումները ենթադրում են անցում կառավարման խորհրդարանական համակարգի։