Երեւանի Ազատոթյան հրապարակում մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական ուժերից ձեւավորված «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Ոչ»-ի շարժման ակտիվիստները եւ փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվել են հրապարակում՝ դրոշներով եւ «Ոչ» պաստառներով։
Հանրահավաքից հետո երթ է կայանալու. քաղաքապետարանը արտոնել է Ազատության հրապարակում հավաք, այնուհետեւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթը: Թեեւ քաղաքապետարանը նշել է, որ երթի մասնակիցները կարող են քայլել միայն մայթով:
Ավելի վաղ «Չեք անցկացնի» նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հանրահավաքին ՀԱԿ-ից ելույթ են ունենալու Արամ Մանուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթ ունենալու հարցը դեռ որոշված չէ:
Առայժմ հայտնի չէ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա, թե ոչ։
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:
Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

































