Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավարտվեց հանցագործ աշխարհում «Քանաքեռցի Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանի գործով դատաքննությունը:

Ամբաստանյալի փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմը հանդես է եկել պաշտպանական ճառով եւ  պահանջել մեղմ պատիժ սահմանել:

«Պաշտպանական ճառում ես հիմնավորեցի, որ դատախազի պահանջած պատիժը՝  1 տարի 6 ամիս ժամկետով շատ խիստ է ու աննախադեպ՝ հաշվի առնելով Արթուր Ղազարյանի անձը բնութագրող հատկանիշները, առողջական վիճակը, պատիժը մեղմացնող հանգամանքները: Այլ օրինական ուժի մեջ մտած որոշումները ներկայացնելով ցույց տվեցի, որ ավելի ծանր հանգամանքներում պատիժը չի կիրառվել: Խնդրեցինք դատարանին նվազագույն պատիժ նշանակել՝ 3 ամսով ազատազրկում, իսկ եթե դրանից ավելի սահմանի ապա ՔՕ 70 հոդվածը կիրառելով պայմանականորեն պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան»,-ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը նշեց, որ Արթուր Ղազարյանն այսօր հրաժարվել է իր վերջին խոսքի իրավունքից: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 5-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Ղազարյանի համար մեղադրող Վահե Ասատրյանը 1 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել:

Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արթուր Ղազարյանը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Քանաքեռցի Տույ»։