ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը սահմանային լարվածության դեպքերին նորմալ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Միջնորդի դերը հնարավորին չափով անկողմնակալ լինելն է: Եթե ինչ-որ չափով սկսեն կողմնակալ լինել, ապա կդադարեն միջնորդ լինել: Կուլիսներում շատ կոնկրետ են խոսում, բայց հրապարակավ ավելի անկողմնակալ են իրենց հայտարարություններում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը երբեւէ տարածաշրջանում չի նախաձեռնել իրավիճակի սրացում եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին Սերժ Սարգսյանի ելույթի ենթատեքստն այն էր, որ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը թողնում է Ադրբեջանի վրա, քան որ այդ զարգացումները վտանգում են նաեւ տարածաշրջանի կայունությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։




























