Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան գոհ են «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություններից (ֆոտոռեպորտաժ):

Սեյրան Օհանյանի խոսքով, առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են: Նա հիշեցրեց, որ այդպիսի զորավարժություն Հայաստանում առաջին անգամ է անցկացվում:

Նախարարը նաեւ հիշեցրեց տարածաշրջանում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության մասին՝ այդ համատեքստում նշելով խաղաղության պահպանման կարեւորությունը:

Նիկոլայ Բորդյուժան եւս գոհունակություն հայտնեց կայացած զորավարժությունների առիթով եւ նշեց, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը հատուկ նշանակություն է տալիս կազմակերպության ուժային համակարգի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեծ աշխատանք է իրականացրել, այդ թվում՝ տարբեր պետությունների ստորաբաժանումների ժամանման եւ տեղակայման կազմակերպման հարցում:

Նշենք, որ զորավարժություններն անցկացվում էին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը: Դրանց մասնակցում էր ՀԱՊԿ անդամ-պետություններից 600 ներկայացուցիչ եւ 50 միավոր տեխնիկա: