ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա ամիսների ընթացքում կարող է հանդիպում անցկացնել, բացառված չէ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զանիերի խոսքով՝ ինքը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը։
«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճի կապակցությամբ։ Անհրաժեշտ է աշխատել քաղաքական ղեկավարության հետ։
Մենք Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների, ՄԽ համանախագների հետ։ Նման մի հանդիպում հնարավոր է աշնանը։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- ասել է Զանիերը։





























