Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ 5 բանաձեւ է ընդունվել, որոնցից 3-ը՝ Հայաստանի նախաձեռնությամբ։ Դրանցից մեկը վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելմանը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին՝  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայելա Ժանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք բավական ջերմ հանդիպում եւ զրույց ենք ունեցել։ Դա հաջող նախարարական համաժողով էր։ Կցանկանայի նշել, որ այդ նախարարական համաժողովը նաեւ լավ հարթակ է երկկողմ հանդիպումների անցկացման համար։ Ես ինքս, օգտվելով առիթից, մոտ 25 հանդիպում եմ անցկացրել»,- նշել է Նալբանդյանը։ Նախարարի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտգործնախարարների հետ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։ «Հայաստանը եւս մեկ անգամ հաստատեց Ֆրանկոֆոնիայի նպատակներին եւ արժեքներին հավատարիմ մնալու որոշումը»,- նշել է արտգործնախարարը։

Էդվարդ Նալբանդյանը Միկայելա Ժանին Հայաստանի ԱԳՆ ոսկե շքանշան է հանձնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ նստաշրջանը կազմակերպելու գործում ունեցած ավանդի համար։