Յուրաքանչյուր երկրում, որտեղ կառավարության անդամները մենաշնորհային դիրքեր ունեն, դա լուրջ խնդիր է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերին նվիրված քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:
«Իսկ արդյոք մենաշնորհները կամ մրցակցության պակասը Հայաստանում խնդիրներ են առաջացնում, անշուշտ՝ այո: Հիմնարար խնդիրներ են առաջացնում, եւ թերեւս հիմնական խոչընդոտն են Հայաստանի հետագա զարգացման: Դրա համար մենք շեշտը դնում ենք ՓՄՁ-ների զարգացման վրա, որպեսզի սահմանափակ մրցակցությունը խթանվի»,-ասաց նա:
Նրա խոսքով, բոլորն էլ գիտեն, թե որ ապրանքատեսակներն են, որոնք 1-2 կամ շատ փոքր թվով սուբյեկտների կողմից են ներկրվում: «Մյուսների համար այդ ոլորտներ մտնելու հնարավորությունները սահմանափակված են: Ու սկսում ես մտածել, թե այդ ամենի թիկունքում ուրիշ ինչ խնդիրներ կարող են թաքնված լինել, որ փոքր ընկերությունները ստիպված են լինում կապերի միջոցով իրենց հարցերը լուծել: Բայց այստեղ ոչ մի նոր բան չկա որեւէ մեկի համար: Սա շարունակում է մեր եւ Հայաստանի իշխանությունների երկխոսության թեմաներից մեկը մնալ, եւ մենք փորձում ենք վարից վեր ուղղությամբ բարեփոխումներին նպաստել»:





























