Սահմանադրական փոփոխությունների նախագծով կատարվում է մի սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Իրոք, ծայրահեղ վտանգավոր են այս փոփոխությունները: Մենք կորցնելու ենք անկախությունը, կառավարությունը վերցնելու է պետության փողերը, փախնելու է արտասահման: Ո՞ւմ ենք էդ ժամանակ կանչելու, Սամվել Ալեքսանյանի՞ն, թե՞ Թոխմախի Մհերին, ո՞ւմ ենք ման գալու, ասենք՝ էս ի՞նչ ա կատարվում»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ վերջինները Քոչարյանի օրոք «խելոք նստած էին», իսկ Քոչարյանը դեռեւս 2008թ. է իր «Ո՛չ»-ն ասել այս իշխանություններին։
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կարծիքով` Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծով ապահովագրում է ինքն իրեն:
«Սերժ Սարգսայանը Պուտինը չէ, որ Մեդվեդեւ դնի, հետո մի քանի տարի հետո նորից ինքը գա իշխանության: Չկա նման գարանտիա, ինքը ռեսուրս չունի: Սահմանադրական փոփոխությունների նախագիծն է գծել, հենվում է փափուկ բաների վրա, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար ովքեր ուրիշներին են գցել, մի օր էլ իրեն են գցելու։ Շատ գործիչներ ծախվեցին տարիների ընթացքում, հիմա ձողի վրա մերկապար են պարում»,-ասաց Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն այժմ ընդդիմադիրի դիմակ է հագել, բոլոր երեք նախագահներին էլ պաշտպանել է եւ Սերժ Սարգսյանի «Ժորիկն է»: Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ նրա, երեք անգամ կորցրել է իր շանսը՝ չկանգնելով ժողովրդի կողքին:
Արամ Հարությունյանը նշեց, որ ժողովուրդն է իրական ընդդիմությունը:
«Հալալ է այս ժողովրդին, որ այս պայմաններում դեռ գոյատևում է և դեռ հավատում որոշ մարդկանց»,-ասաց նա:





























