Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գիլմորին դեսպանատան աշխատակիցները հիշում են ոչ միայն որպես լավ դեսպանի, այլեւ հոգատար մարդու: ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դեսպանի հիշատակին տեղի ունեցած ծառատունկի ժամանակ պատմեց, որ առաջին դեսպանը աշխատակիցներից մեկի համար պատվիրել է դեսպանատանը լվացքի մեքենա տեղադրել:
«Մի պատմություն իմացա այսօր: Դեսպանատան աշխատակիցներից մեկը նոր է ընդունված եղել, նորածին երեխա է ունեցել, քանի որ ապրել է բազմահարկի 9-րդ հարկում, ջուր չի եղել, ամեն օր ջուր է բարձրացրել 9-րդ հարկ՝ երեխայի տակաշորերը լվանալու համար: Երբ դեսպանն իմացել է այդ մասին, կարգադրել է լվացքի մենքենաներ տեղադրել դեսպանատանը, որ աշխատակիցը կարողանա երեխայի տակաշորերը բերել, դեսպանատանը լվանալ»,- պատմեց նա:
Նշենք, որ դեսպան Գիլմորը Հայաստանում պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը: Նա մահացել է 2015թ. 77 տարեկան հասակում:




























