Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունը ուղղված էր խաղաղություն, հավասարություն և բարեկամություն պահանջող մարդկանց դեմ, որոնք սպանվեցին թուրք ֆաշիստների, ռասիստների ու «Գորշ գայլերի» նմանների ձեռքով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ փաստավավերագրական գրքերի հեղինակ, թուրք գրող Քեմալ Յալչընը։

«Այն մարդիկ, որոնք այդ օրը Թուրքիայում դուրս էին եկել հավասարություն պահանջելու եւ սպանվեցին, նաեւ հայի ցավի համար էին ծնկի եկել։ Այժմ իմ սրտի մի մասը Երևանում է, մյուսը՝ Թուրքիայում»,-ասաց Քեմալ Յալչընը։

Թուրք գրողը չբացառեց Թուրքիայում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այն ինչ այժմ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ Թուրքիան քաղաքացիական պատերազմի շեմին է։

«Ռասիստները, ֆաշիստները և «Գորշ գայլերը» հայտարարել են, որ արդարության, խաղաղության ձգտողներին պետք է արյան մեջ խեղդեն։ Սակայն իմ նման մարդկանց ոչ ոք չի կարող կասեցնել, քանի որ իմ զենքն իմ գրիչն է և հենց այդ գրիչով էլ ես աշխարհին ցույց եմ տալիս Թուրքիայի և Հայաստանի իրական պատմությունը»,-ասաց Քեմալ Յալչընը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 97, վիրավորվել 246 քաղաքացի: