Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ փաստավավերագրական գրքերի հեղինակ, թուրք գրող Քեմալ Յալչընը՝ նշելով, որ կգա մի օր, երբ արդարությունը կվերականգնվի և տարածաշրջանում խաղաղություն կլինի։
«Իբրև մտավորական միայն ցանկանում եմ, որ ադրբեջանցիների և հայերի միջև խաղաղություն լինի։ Թուրքիան հա բզբզում է և պատերազմ հրահրում, զենք վաճառում Ադրբեջանին, որով իրենք և հայերին, և թուրքերին են սպանում։ Դատապարտում եմ Թուրքիայի իշխանությունների նման գործելաոճը, չի կարելի տարածաշրջանում պատերազմ հրահրել»,-ասաց Քեմալ Յալչընը։
Թուրք գրողը նշեց, որ ինքը տեղյակ է, որ Հայաստան գալուց հետո հնարավոր է Ադրբեջան գնալու հետ խնդիրներ առաջանան, սակայն Ադրբեջանը մարդկանց դեմ նման արգելանքներ դնելով, ըստ նրա, ոչնչի չի հասնի։
«Ադրբեջանում երբեք չեմ եղել և գիտեմ, որ հնարավոր է՝ Ադրբեջան գնալու հետ խնդիրներ ունենամ, սակայն մեկ բան հստակ գիտեմ, որ Ադրբեջանը մարդկանց դեմ արգելանքներ դնելով, «Սև ցուցակում» գրանցելով՝ ոչինչ չի կարողանա կառուցել և ոչնչի չի հասնի»,-ասաց Յալչընը։





























