Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո՝ 2015թ. սկզբից, Արեւմտյան մամուլում շատացել են հանրապետության ինքնիշխան ընտրությունը վատաբանող հոդվածները։ Այս մասին հոկտեմբերի 14-ին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը «Հաղթանակի եւ պարտության ժառանգները. 2-րդ համաշխարհային պատերազմը ԱՊՀ եւ ԵՄ երկրների պատմական հիշողությունում» հավաքական մոնոգրաֆիայի եւ «Խաչն Արարատի վրա» ֆիլմի ցուցադրության ժամանակ, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։

«Մենք բոլորս ապրում ենք գլոբալիզացման եւ միասնական տեղեկատվական դաշտի ձեւավորման դարաշրջանում։ Այսօր իհարկե առավել, քան երբեւէ օբյեկտիվ տեղեկատվության կարիք կա։ Այսօր մենք ստիպված ենք պայքարել պատմության կեղծարարության փորձերի դեմ։ Անցյալ տարիների ընթացքում մեր արեւմտյան գործընկերները ցուցադրել են, որ իրենք հիանալի են տիրապետում այդ մեթոդներին։

Նրանց այդ գործունեության որոշակի արդյունքներն այսօր զգացվում են նաեւ Հայաստանում։ Օգտագործելով ժամանակավոր տնտեսական դժվարությունները, որոնք պայմանավորված են այդ թվում համաշխարհային տնտեսական ճգնաժամով, արեւմտյան վայ-վերլուծաբանները 30 արծաթի դիմաց փորձում են այդ խնդիրները կապել Երեւանի եվրասիական ընտրության հետ»,- կարծում է դիվանագետը։ Ըստ նրա՝ այդ տեղեկատվական հնարքները գործադրվում են երկրի ներքին իրավիճակը ապակայունացնելու, ժողովրդին վախեցնելու եւ հասարակությանն օտար արժեքներ պարտադրելու նպատակով։

«Խաչն Արարատի վրա» վավերագրական ֆիլմը շատ բովանդակալի եւ հասանելի ցույց է տալիս հայերի եւ ռուսների բազմադարյա պատմությունը, երկու ազգերի հոգեւոր մոտիկությունը, ընդհանուր հավատը։ Հենց դա է մեր ռազմավարական հարաբերությունների հիմքը։ Հենց այդ պատճառով մենք շարունակելու ենք հետագայում էլ եղբայրական հարաբերություններ կառուցել փոխադարձ հարգանքի եւ բարեկամության հիման վրա»,- ասել է Իվան Վոլինկինը։