Մոտ ժամանակներս Ռուսաստանի դեմ Եվրոպայի ընդունած պատժամիջոցները կհանվեն։ Այս մասին հոկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։
«Եվրոպան այդ պատժամիջոցների պատճառով միլիարդներ է կորցնում։ Իսկ այսօր Եվրոպայի վիճակը հատկապես ծանր է Մերձավոր Արեւելքի փախստականների պատճառով։ Այդպիսով նա մեծ ճնշում է զգում իր տնտեսության վրա։ Այդ ամենը կստիպի նրան մոտ ժամանակներս հրաժարվել պատժամիջոցներից»,- նշել է Մարտինովը։ Ինչ վերաբերում է Վաշինգթոնի պատժամիջոցներին, ապա դրանք ամենայն հավանականությամբ կմնան։ «Իհարկե դրանք կպահպանվեն որպես քաղաքական բանավեճի գործիք»,- հավելեց փորձագետը։
Մամուլի ասուլիսին ներկա էր Տնտեսության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, քաղաքագետ Օլեգ Մատվեյչեւը, որը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ռուսները շատ չեն զգացել պատժամիջոցների ազդեցությունը։ «Ռուսական շուկայում ավելի շատ հայկական եւ բելառուսական ապրանքներ հայտնվեցին, որոնք գնորդները պակաս հաճույքով չեն գնում»,- ասել է քաղաքագետը։




























