ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի բնակիչներն իրենց «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժի մասին խոսում են անցյալ ժամանակով, քանի որ այն անջուր է մնացել, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Երբեմնի ջրառատ ջրվեժը փոքր ՀԷԿ-ի պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում: ՓՀԷԿ-ը կառուցված է «Սառնաղբյուր» բնական աղբյուրներ եւ Արփա գետի անանուն վտակների վրա, որոնց ջրերով էլ սնուցվում է Ջերմուկի ջրվեժը: Հատկապես զբոսաշրջային թեժ շրջանից հետո ջրվեժում կարելի է տեսնել միայն խոնավ քարերը:
«Հոկտեմբերի 1-ից ջուրը կտրում են, դարձրել են կնոպկայով ջրվեժ, մի աղբյուրի ջուր է գնում ջրվեժով...գնացեք, նկարեք ու տակը գրեք՝ անջուր ջրվեժ», - ԷկոԼուրի հետ զրույցում բողոքել են Ջերմուկի բնակիչները:
Նրանք նաեւ անդրադարձել են Արփա գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երին՝ անընդունելի համարելով մեկ գետի վրա միանգամից մի քանի փոքր ՀԷԿ-երի շահագործումը: Բնակիչները շեշտել են, որ ՓՀԷԿ-երի պատճառով գետից վերանում է կարմրախայտ ձուկը:
.jpg)





























