Ցավոք սրտի, այն օրվանից, երբ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, Եվրամիության ներդրումները կրճատվել են։ Այս մասին հոկտեմբերի 15-ին՝ Եվրամիության «Ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի եւ Հայաստանում ներդրումների խթանման» Twinning ծրագրի մեկնարկին, հայտնել է DG Trade ընկերության գլխավոր բանակցող Լյուկ Դեւինը։
«Մենք ուզում են, որ Հայաստանը հնարավորինս շատ ներդրումներ գրավի, քանի որ դրանք պետք են այս երկրին։ Եվրամիությունը հավատում է Հայաստանի ապագային։ Երեք օր առաջ ԵՄ Խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մանդատը։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ բանակցությունները։ Իհարկե դրանք չեն կարող այնքան հեռու գնալ, որքան տնտեսական ինտեգրացիան կլիներ»,- ասել է Դեւինը՝ հավելելով, որ ԵՄ-ն առաջին հերթին շարունակելու է օգնել Հայաստանի տնտեսությանը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրի իրականացման համար ընտրությունը կանգ է առել ֆրանսիական «Բիզնես Ֆրանս» ընկերության վրա։
«Բիզնես Ֆրանս»-ի փոխտնօրեն Դեւիդ Ուբեր Դելիլն իր հերթին ընդգծել է, որ իրենք ցանկանում են ընկերներ եւ գործընկերներ լինել, որպեսզի Հայաստանի հետ կիսեն հաջող աշխատանքի իրենց փորձը։
Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 15-ին պաշտոնապես մեկնարկել է Եվրամիության «Ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի եւ Հայաստանում ներդրումների խթանման» Twinning ծրագիրը։





























