Քիշնեւում ցուցարարները հետեւում են, որ երկրի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը չլքի խորհրդարանի շենքը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Գործընթացը ղեկավարում է «Մեր կուսակցության» նախագահ Ռենատո Ուսատին, որը խորհրդարանի մուտքերի մոտ հսկողություն է սահմանել:
«Մենք պետք է հետեւենք, որ Ֆիլատը ոչ միայն խորհրդարանի շենքը չլքի, այլեւ երկիրը: Խորհրդարանի նիստում անձեռնմխելիությունը վերացնելուց հետո նրան պետք է ձերբակալեն: Մենք կստանձնենք իրավապահ մարմինների գործառույթները ու կհետեւենք, որ նա չփախչի»,- հայտարարել է Ուսատին:
Գործակալության տվյալներով, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը խոստացել է «Մերսեդես» նվիրել այն ոստիկանին, որը Ֆիլատի ձեռքերին ձեռնաշղթա կհագցնի: Ընդ որում Ուսատին շեշտել է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն անկախ նրանից ՝ նախկին վարչապետը կձերբակալվի, թե ոչ:
Խորհրդարանի շենքի մոտ մի քանի հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են նախագահի ու կառավարության հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հանրահավաքը կազմակերպել են Սոցիալիստների կուսակցությունն ու «Մեր կուսակցությունը»:





























