Հայաստանի հրեական համայնքի նախագահ, Եվրոպական հրեական խորհրդարանի պատգամավոր Ռիմմա Վարժապետյանը հանդես է եկել հայտարարությամբ ՝ Իսրաեյելում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Բարկության, բողոքի ու վրդովմունքի իմ ձայնն եմ միացնում Իսրայելում կատարվող իրադարձություններին:
Իսրայելի բազմաչարչար ժողովուրդը հերթական անգամ մենակ է մնացել ահաբեկչության դեմ: Գրեթե ոչ մի պետություն առայսօր չի դատապարտել այն, ինչ կատարվում է Էրեց Իսրայելում:
Իսրայելի համար այս ծանր օրերին ես մոլորակի բոլոր խաղաղասեր մարդկանց կոչ եմ անում բողոք արտահայտել ահաբեկչության դեմ ու պաշտպան կանգնել Իսրայելին: Ցավակցությունս եմ հայտնում այն ընտանիքներին, որոնք ահաբեկչական հարձակումների հետեւանքով իրենց հարազատներին են կորցրել:
Սանձազերծ մոլեռանդները՝ զենքները ձեռքներին, չպետք է անպատիժ մնան: Ահաբեկչությունը պետք է դատապարտվի ու դադարեցվի»,- ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 14-ին Իսրայելի ոստիկանները կրակել ու սպանել էին մի տղամարդու, ով Երուսաղեմի կենտրոնում փորձում էր դանակով հարձակվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա: Միջադեպը իշխանությունների կողմից որակվել է որպես ահաբեկչություն: Նախօերին կատարվել էր չորս ահաբեկչություն, որոնցից երկուսը Երուսաղեմում, որտեղ երեք իսրայելցի է զոհվել ու գրեթե 20-ը ՝ վիրավորում ստացել: Տեղական լրատվամիջոցները հրապարակել են Երուսաղեմի պատմական կենտրոնում ՝ Հին քաղաքի պատերի տակ պառկած կամուֆլյաժով տղամարդու լուսանկարները: Ընդհանուր առմամբ ամսվա սկզբից մինչեւ հիմա տարածաշրջանային հակամարտության սրացման հետեւանքով 7 իսրայելցի ու 29 պաղեստինցի է զոհվել:





























