Հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանին Արաբական Միացյալ Էմիրություններում ապաստան տված Ստեֆան Գերիչը և Սանկտ Պետերբուրգում բնակվող ամբաստանյալի ընկերուհին` Քրիստինե Աղեկյանը, դատարանում որպես վկա չեն հարցաքննվի: Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հոկտեմբերի 15-ին, մերժեց Ստեֆան Գերիչին և Քրիստինե Աղեկյանին  հարցաքննելու համար ԱՄԷ և Սանկտ Պետերբուրգ  դատական հանձնարարություն ուղարկելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը` հիմնավոր փաստարկների բացակայության հիմքով։

Հերիքնազ Խաչատրյանի փաստաբան Հրանտ Գևորգյանն իր միջնորդության մերժումը անվանեց որպես դատավարության բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքի խախտում` նշելով, որ ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանի իրավունքները նաև խախտվել են նախաքննության ընթացքում:

«Հարգելի դատարան, «շնորհակալ» եմ, որ կարողացաք խախտել դատավարության բազմակողմանիությունը, ամեն դեպքում, հուսով եմ, որ արդարացի որոշում կկայացնեք»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը: Նույն գործով Հերիքնազի քույրը` Բավական Խաչատրյանն արդեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Հերիքնազին մեղադրանք է առաջադրվել ավելի ուշ, երբ քույրն արդեն ազատազրկման էր դատապարտվել։ Դատարանում Բավականը հայտարարել էր, որ քրոջ դեմ կեղծ ցուցմունք է տվել քննիչների ճնշման ներքո, եւ որ քույրն այդ գործի հետ իրականում կապ չունի։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին: