Այսօր գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի եւ «Հայագրոֆորում» համաժողովի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Վարչապետը շրջել է Հայաստանի եւ Արցախի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, զրուցել մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը, առկա խնդիրներին, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսին մասնակցել են նաեւ հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:
«ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի տաղավարներում շրջայցից հետո Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 97 տոկոսն ապահովվում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։ «2011 թ. ՀՀ Նախագահի կողմից գյուղատնտեսությունը հայտարարվեց գերակա ոլորտ, ինչն իր արտացոլումը գտավ նաեւ 2014 թ. ընդունված ՀՀ կառավարության ծրագրում, որում առաջադրվեցին գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նոր մոտեցումներ եւ պահանջներ: Այսօր գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը», - ընդգծել է վարչապետը:
Նա տեղեկացրել է, որ երեկ ՀՀ կառավարությունը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: 14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը:
Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի եւ գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել «Արարատի գինու գործարան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանին, «Եվրոթերմ» ՓԲԸ հիմնադիր Էդիկ Ղազարյանին, ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝ Արարատի մարզի Դվին գյուղի ֆերմեր Գեւորգ Նազարյանին, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ տնօրեն Սարգիս Պողոսյանին, «Պրոգրես Ագրո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ֆերմեր Սարգիս Հովսեփյանին եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Աղվան Սահակյանին:
Հոկտեմբերի 16-18-ն անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից եւ Արցախից:

.jpg)





























