Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ստորագրվել են ՀՀ կառավարության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:

Ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի կոշտ թափոններ` փուլ 1» 8 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը: «Երեւանի կոշտ թափոնների ծրագիրը» երեք բաղադրիչի միջոցով բարելավելու է Երեւանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը:

Ստորագրվել է նաեւ կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, Եվրոպական միության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը:

Հաջորդիվ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման եւ բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը: Հռչակագրով կողմերը հաստատում են իրենց հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու եւ Վանաձորից Բագրատաշեն 90 կմ երկարությամբ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման եւ արդիականացման ծրագիրն իրականացնելու վերաբերյալ: