Գերմանացի որսորդը գնդակահարել է փղին, որն ապրում էր Զիմբաբվեի հարավ-արեւելքում գտնվող Հոնարեժուի ազգային պարկում։ The Daily Telegraph-ը ճշտում է, որ սա ամենախոշոր առանձնյակն է, որը սպանվել է վերջին 30 տարվա ընթացքում։
Այգու աշխատակիցների խոսքով, հոկտեմբերի 8-ին գերմանացին, որի անունը չի ճշտվում, գնդակահարել է 60-ամյա փղի։ Որսի թույլտվության եւ կենդանուն օրինականորեն սպանելու հնարավորության համար նա մոտ 60 հազար դոլար է վճարել։ Կենդանիների պաշտպանության Zimbabwe Conservation Task Force պետական կազմակերպությունից հայտնել են, որ նրա ժանիքները կշռել են 55 կիլոգրամ։ Մեծ չափերի պատճառով ստիպված են եղել դրանք գետնով քարշ տալ։
21 օր տեւած որսի ընթացքում Գերմանիայի քաղաքացուն օգնել է տեղացի որսորդը։ «Ես գիտեմ, թե «կանաչները» ինչ կասեն, բայց դա օրինական որս էր, որը մենք արել ենք օրենքի շրջանակում»,- ասել է զիմբաբվեցին։
Զիմբաբվեի պրոֆեսիոնալ որսորդների եւ գիդերի ընկերակցության նախագահ Լուի Մյուլլերը The Daily Telegraph-ին հայտնել է, որ որսորդը ժանիքների հսկայական չափերը գիտակցել է այն բանից հետո, երբ գնդակահարել է կենդանուն։ Մյուլլերի խոսքով, ազգային պարկի աշխատակիցներից ոչ մեկը նախկինում նման փիղ չէր տեսել։ Հակառակ դեպքում բացառիկ առանձնյակի որսը կարգելվեր, տեղեկացնում է Lenta-ն։
Պարբերականը նշում է, որ մեռած փղի լուսանկարները շրջել են ամբողջ համացանցով՝ հիացական արձագանքներ հավաքելով եւ կենդանիների պաշտպանների վրդովմունքն առաջ բերելով։




























