Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները եւ մի խումբ ձեռնարկատերեր օգոստոսի 30-ին նշվող Թուրքիայի հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել են Բաքվում թուրք զինվորներին նվիրված հուշահամալիր։
Ինչպես հայտնում է ադրբեջանական АPА գործակալությունը, գեներալ-մայոր Օզհան Այաչը պսակ է դրել «Ադրբեջանի անկախության համար կյանքը զոհած» թուրք զինվորների հուշարձանին։
«Ադրբեջանի ազատության համար պայքարած շատ թուրք զինվորներ ադրբեջանցի հերոսների հետ միասին հանգչում են «Շահիդների ծառուղում»,- հայտարարել է թուրք գեներալը։
Հիշեցնենք, որ Բաքվի այսպես կոչված «Շահիդների ծառուղում» թաղված են Ադրբեջանի մայրաքաղաքում 1990 թվականին խաղաղ հայ բնակչության ջարդերի կազմակերպիչները եւ մասնակիցները, ինչպես նաեւ Ղարաբաղի ժողովրդի դեմ պատժիչ գործողությունների մասնակից զինվորականներ։


























