«Տրանսաէրո» ավիաընկերությունն այսօրվանից՝ հոկտեմբերի 26-ից, դադարեցրել է իր օպերացիոն գործունեությունը: Ընկերության բոլոր չվերթները մինչեւ դեկտեմբերի 15-ը, կիրականացնի «Աէրոֆլոտ» ընկերությունների խումբը: Իսկ դեկտեմբերի 15-ից հետո թռիչքների տոմսերի գումարը կվերադարձվի:
«Ռոսավիացիան» չեղյալ է հայտարարել «Տրանսաէրոյի» սերտիֆիկատը՝ վերջինիս սնանկ ճանաչվելու հետ կապված:
Նշենք, որ «Ռոսավիացիայի» հանձնաժողովը 5 օր առաջ «Տրանսաէրո» ավիաընկերությունը ֆինանսապես անգործունակ է ճանաչել եւ եկել եզրակացության, որ ընկերությունը ուղեւորների իրավունքները պոտենցիալ խախտող է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը առաջարկել է իրավապահ մարմիններին ստուգել, թե ինչպես է այդ խոշոր ավիաընկերությունը հասել այդ վիճակին:





























