Եվրոպական ֆինանսական ինստիտուտները պատրաստ են միջոցներ հատկացնել միգրացիոն ճգնաժամի լուծման համար։ Այս մասին ասված է Բալկանյան թերակղզու փախստականների խնդրով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի ամփոփ հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը գագաթնաժողովի ավարտին նշել է, որ ԵՄ-ն միգրանտներին օգնություն տրամադրելու համար քաղաքացիական պաշտպանության սեփական մեխանիզմը կստեղծի։ «Մեր հիմնական լուծումը փախստականներին տանիք տրամադրելն է։ Ուղղակի անհնար է, որ ժամանակակից Եվրոպայում մարդիկ ցուրտ եղանակին գիշերեն փողոցներում»,- նշել է նա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին նշել է, որ Բալկանյան թերակղզու ժամանակավոր ճամբարներում կստեղծվի լրացուցիչ 50 հազար տեղ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նաեւ ընդգծել է, որ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից ժամանած տնտեսական միգրանտները, որոնք Եվրամիությունում ապաստան ստանալու իրավունք չունեն, պետք է վերադառնան հայրենիք։





























