Աշխարհի փախստականների մոտավորապես 60 տոկոսը քաղաքներում է ապրում: Associated Press -ին տված հարցազրույցում նման եզրակացություն է արել Փրկության միջազգային կոմիտեի (IRC) ղեկավար Դեւիդ Միլիբենդը: Զրույցը հրապարակվել է երեքշաբթի, հոկտեմբերի 27-ին:
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ սա կայուն միտում է: Այդ թվում՝ աշխարհում ստեղծված ընդհանուր իրավիճակի պատճառով»,- հայտարարել է Միլիբենդը, հայտնում է Lenta-ն:
Պետությունների մոտավորապես 40 տոկոսն իր քաղաքացիներին տարրական կենսապայմաններով չի ապահովում, նաեւ չի կարողանում կանխել էթնիկ, քաղաքական ու կրոնական սկզբունքների տարաձայնությունների հիման վրա ծագող գժտությունները, նշել է ղեկավարը: Միգրացիոն ճգնաժամի ստեղծման հիմնական պատասխանատուն միջազգային քաղաքական համակարգն է, որն «ավելի թույլ ու ավելի պառակտված է դարձել, քան երբեւէ՝ սառը պատերազմի ավարտից հետո»,- համարում է Միլիբենդը:
Այդ ճգնաժամների արմատները, Միլիբենդի կարծիքով, «այն ջղաձգումներն են, որոնք ցնցում են իսլամական աշխարհի զգալի մասին»: Կոմիտեի տվյալներով, աշխարհում 20 մլն փախստական կա, եւս 40 մլն էլ ապաստան խնդրողներն ու ներքին տեղահանվածներն են: Բացի դրանից, մոտավորապես 200 մլն-ն էլ ավելի բարենպաստ կենսապայմաններ է փնտրում՝ որպես գաղթական:





























