Ամերիկացի օդերեւութաբանները կանխատեսում են, որ 60 տարի անց Պարսից ծոցի երկրներում առանց հատուկ օդորակման սարքավորումների անհնար է լինելու փողոց դուրս գալ։ Մասնավորապես դա կանդրադառնա Մեքքա կատարվող հաջի վրա։ Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Nature Climate Change ամսագրում։
Գլոբալ տաքացման հետեւանքով ջերմաստիճանն ու խոնավության մակարդակն այնքան կբարձրանան, որ մի քանի ժամ շարունակ դրսում գտնվելը կյանքի համար վտանգավոր կդառնա։
Օդերեւութաբաններն օգտագործել են այսպես կոչված թաց ջերմաչափի ջերմաստիճանը։ Այն հավասար է օդում ջրի գոլորշացման պրոցեսի ավարտին արձանագրված ջերմաստիճանին։ Մարդու մարմինը հովանում է հիմնականում նրա մակերեւույթի խոնավության գոլորշացման հաշվին։ Եթե թաց ջերմաստիճանի սանդղակը հասնի իր ծայրահեղ աստիճանին, այդ գործընթացն անհնարին կդառնա, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով New York Times-ը։
Գիտնականների կարծիքով 2070-2100թթ. ընթացքում թաց ջերմաչափի սանդղակը Պարսից ծովի որոշ երկրներում՝ Կատարում, ԱՄԷ-ում, Իրանում, կհասնի 35 աստիճան Ցելսիուսի (ներկայումս ցերեկային ջերմաստիճանը այդ երկրներում կազմում է 50 աստիճան, իսկ գիշերայինը՝ 30, ինչը թաց ջերմաչափի սանդղակով հավասար է 34.6 աստիճանի)։
Դա մասնավորապես անհնար կդարձնի դեպի Մեքքա ուխտագնացությունը, որի ժամանակ մարդիկ օրերով գիշերում են բաց երկնքի տակ։




























