Երեւանում հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից 3-ը, որոնք գտնվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, վաղը՝ հոկտեմբերի 28-ին, դուրս կգրվեն, նրանց վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:
4 երիտասարդներից 1-ը՝ 27-ամյա Վահագն Գեւորգյանը, որը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ, նրա վիճակը կայունացել է: Երիտասարդներից միայն Գեւորգյանի վիճակն էր ծանր: Նա վնասվածք է ստացել որովայնի եւ կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում:
Նշենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Վահագ Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:
Հոկտեմբերի 26-ին՝ 00:20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Վլադիմիր Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության՝ վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից Խորենացու փողոցում:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00:25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:
Նույն օրը՝ ժամը 03:35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Գործով կասկածյալներ եւ բերման ենթարկվածներ դեռեւս չկան:





























