Հեգնանքի ու տղայական կեցվածքի տեղ չէ ԱԺ-ն, պարոն Անդրեասյան, անհիմն ու չափից ավելի ինքնավստահություն մի ցուցաբերեք, մի ուսուցանեք, Կարեն ջան, ոչ գործադիրում, ոչ էլ օրենսդիրում:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթի ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա իր ելույթում նշել է, որ օմբուդսմենի զեկույցում ամեն ինչ ներկայացված է մասամբ, հատկապես օբյեկտիվության ու ադեկվատության առումով, հավելելով, որ լսելով մինչ այս պահը հնչած ելույթները՝ ինձ չի լքում այն զգացողությունը, որ ունենք ՄԻՊ-ի օրենսդրության բաց կամ օրենքի կատարելագործման խնդիր:

Նաղդալյանը կարծիք է հայտնել, որ ՄԻ պաշտպանը պետք է իր զեկույցում նշի կոնկրետ դեպքեր, անուն-ազգանուններ, դեպքերի վերլուծություններ:

«Օմբուդսմենի  ինստիտուտը չի գործում, որ զեկույցներ կազմի, այլ պետք է նվազեցնի մարդու իրավունքների խախտումները: Լավ է, երբ մատնանշվում են մարդու իրավունքների խախտումների կոնկրետ դեպքերը, բայց պետք է ներկայացվեն նաեւ կոնկրետ լուծումներ: Ոչ թե պետք է ապրիորի հայտարարություններ անել, այլ դեպքերի կրիտիկական զանգվածի ուսումնասիրություն պետք է անել, քանի որ ոչ լավ, ոչ վատ օրինակ բերելը հարցի լուծում չէ»,-ընդգծել է Նաղդալյանը՝ հավելելով, որ ցանկացած աշխատանք գնահատվում է արդյունքով:

«ԱԺ քննարկումը փողոցի քննարկումից տարբերվում է կենցաղային բառապաշարից: Հեգնանքի ու տղայական կեցվածքի տեղ չէ ԱԺ-ն: Պարոն Անդրեասյան, անհիմն ու չափից ավելի ինքնավստահություն մի ցուցաբերեք, մի ուսուցանեք, Կարեն ջան, ոչ գործադիրում, ոչ էլ օրենսդիրում: Շատ կարեւոր է, որ չանցնեք սահմանը, որ ձեր մտքերը չդառնան քաղաքական մեկնաբանություններ»,- ասել է ԱԺ փոխնախագահը: