ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ Հոկտեմբերի 27-ի 16–րդ տարելից, չի այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն, քանի որ գործուղման է մեկնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին` արդյոք նախագահի եւ վարչապետի համար այլեւս արդիական չէ Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» այցելելը:
«Ես չեմ կարծում, թե օր ու ժամ է դրված՝ ով, երբ պիտի գա: Հանրապետության նախագահը գործուղման է մեկնել։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ պահին գա, երբ գա։ Տարիներ են եղել, որ ես էլ այս ժամին չեմ եկել, գիշերն եմ եկել։ Այնպես որ փնտրել այսպիսի սեթևեթանքներ, թե որը ինչից հետո է, արժևորում չի ունենա։ Սա վիշտ է և առանձնակի մարդիկ կան, որ այդ վիշտն ավելի խորությամբ են տանում»,-ասաց Գալուստ Սահակյանը։
Նշենք որ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
ՀՀ նախագահն այնտեղ կմասնակցի Վեսթմինսթրյան Աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:
Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
































