Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքին վերջնական գնահատական կտա ծառայողական քննության արդյունքներին ծանոթանալուց հետո միայն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Մենք հրապարակել ենք մանրամասն այն ամենը, ինչ արդեն բացահայտել ենք: Այժմ մենք սպասում ենք արդարադատության նախարարության նշանակած ծառայողական քննության արդյունքներին, որից հետո կտանք վերջնական գնահատական»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ ազատազրկվածների հարազատները իրեն հայտնել են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ հոկտեմբերի 23-ի երեկոյան դիմակավորված անձինք են ներխուժել, կալանավորների նկատմամբ բռնություն գործադրվել:
ՔԿՎ-ն հերքել էր տեղեկությունը: ՄԻՊ խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Օմբուդսմենի ներկայացուցիչները երեկոյան այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ , մոտ 2 ժամ գտնվել են այնտեղ, սակայն ոչ մի արտառոց բան չեն նկատել:





























