Ֆինլանդիայի հարավում գտնվող Պարիկալա քաղաքային համայնքի Օրոնմյուլյու փախստականների ժամանակավոր ճամբարի հարեւանությամբ գտնվող երկհարկանի պահեստն անցյալ գիշեր այրվել է: Այդ մասին տեղեկացրել է «Իլտա-սանոմատ» թերթը:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
«Պատճառներ կան կարծելու, թե դա դիտավորություն է եղել: Հետաքննությունը շարունակվում է»,- ասել է ոստիկանության կոմիսար Յուրկի Հյաննինենը: Նրա խոսքով, օրենքի պահապանները տվյալներ չունեն այն մասին, որ կենտրոնի վրա հարձակումը ծրագրավորված է եղել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ֆինլանդիայում փախստականների ընդունման ընդամենը հարյուր մշտական եւ ժամանակավոր կենտրոն կա: Անցյալ շաբաթների ընթացքում մի շարք քաղաքներում արդեն արձանագրվել էին այդ կենտրոններից որոշների հրդեհման դեպքեր:





























