Ավստրիան մտադիր է Սլովենիայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցել՝ թուլացնելու միգրանտների հոսքը, չորեքշաբթի տեղեկացրել է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լյայթների հայտարարությունը:   

«Դա արվում է կարգուկանոնը, մեր երկրի տարածք մուտքը վերահսկելու համար, խոսքը սահմանի փակման մասին չէ», - տեղեկացրել է Միքլ-Լյայթները՝ ելույթ ունենալով O1 հեռուստաալիքի եթերում:

Երկրի ՆԳՆ ղեկավարը չի ճշտել, թե երբ կարող է սկսվել պատի կառուցումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Եվրոպական Frontex սահմանային գործակալության վերջին տվյալների համաձայն, տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Եվրամիություն է եկել ավելի քան  710 հազար միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ աշխարհում ներկայիս միգրացիոն ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշորն է: 

Եվրահանձնաժողովում կիրակի օրը միգրացիայի հարցերով հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են Ավստրիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Ալբանիայի, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի եւ Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ ԵՄ պրոֆիլային գործակալությունների ներկայացուցիչները եւ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը: